Զրույց շնչի մասին

Դվին քաղաքում (այն հայտնի  էր իր հմուտ արհեստավորներով) մի ծեր կավագործ էր ապրում՝ մեծահամբավ ու  շնորհաշատ, որի ձեռքերում հասարակ կավը դառնում էր կլորիկ սափոր  ու նախշազարդ կթղա, գոգավոր պնակ ու ծաղկանկար սկահակ՝ բոլորն էլ նուրբ, օդի պես թեթև: Մի երիտասարդ գալիս է աշակերտելու բրուտին՝ փորձելով յուրացնել նրա վարպետությունը, և օրնիբուն հետևելով ուսուցչի՝ հրաշք արարող դյուրաշարժ մատներին՝ ջանում նմանվել նրան: Սակայն որքան էլ տքնում էր, նրա պատրաստած անոթները վարպետի գործերի պես նուրբ ու թեթև չէին ստացվում, ոչ էլ զրնգում էին մեղմ ու ղողանջուն: Մռայլվում էր երիտասարդը,  տխրում, բայց չէր հուսալքվում, շարունակում էր աշխատել զօրուգիշեր:

Վարպետը մանրազնին ուսումնասիրում,  զննում էր ափսեներն ու գավաթները և  երբ մատով  թեթևակի  զարկում էր անոթներին, ուշադիր  ունկնդրում, դժգոհ տարուբերում էր գլուխը՝ այն չէ: Մի օր էլ, երբ տղային թվաց՝ հասել է  վարպետի  հմտությանը, առանձին  արհեստանոց բացեց  ու սկսեց ոգևորությամբ, եռանդով աշխատել: Բայց արի տես՝ մարդիկ չէին հավանում նրա գործերը: Երիտասարդն  ընկճված, հուսախաբ գնաց վարպետի մոտ:  Վերջինս  ձեռքերի մեջ շուռումուռ տվեց,  տնտղեց  տարաձև ու տարատեսակ  անոթները, ապա  ալեհեր  գլուխն օրորելով՝ ասաց.

-Ամեն բան տեղն է,  սակայն պակասում է մի բան.  Շո’ւնչն է դա, տղա’ս, շո’ւնչը: Անոթները  քուրայից  հանելիս ես թեթևակի  փչում, հոգի ու շունչ եմ տալիս  նրանց:

Նյութը վերցված է նույն գրքից,ինչպես և <<հյուսնությունը>>։ Ես մի բան հասկացա։ Ինչքան էլ քրտնաջան աշխատես,միւնույն է,եթե չուզենալով,տառապելով գործդ անես,ուզածդ արդյունքի չես հասնի։

առաջին դարբինը

Ասում են՝  աշխարհում  առաջին դարբինը Դավիթ մարգարեն  է եղել: Իբրև արդարամիտ ու  անաչառ մարդ՝ Տերը պարգևատրել էր  նրան. առանց ձեռքերն այրելու՝ նա քուրայից  հանում  էր կաս-կարմիր երկաթը, հրակեզ  մետաղը  դնում  ծնկներին (այն ժամանակ  ո’չ զնդան կար, ո’չ էլ ունելի) և կռելով  կոփում տաք  ձուլվածքը: Մարգարեի դրացիներից մեկը խնդրում է  նրան իր կրտսեր որդուն  դարբնություն սովորեցնել: Մանրազնին հետևելով վարպետի՝ զարմանալիորեն փութկոտ ու վարժ շարժումներին՝ պատանին՝ ուշիմ ու  ընդունակ,  արագորեն  յուրացնում է  դարբնի  արհեստը:

Սակայն  մի բան դժվարացնում է նրա գործը. նա չուներ մարգարեի  աստվածապարգև  շնորհքը, և  կրակն  այրում էր նրա ձեռքերը: Ձմռան պարզկա մի օր, երբ վարպետը դարբնոցում չէր, մի բրդոտ շունՙ քաղցած ու ցրտից կծկված,  վախվորած քայլերով մտավ  արհեստանոց, մոտեցավ  տաք  քուրային, առջևի ոտքերը մկրատաձև  դրեց իրար վրա ու գլուխը  հենեց ոտքերին:  Աշակերտը նկատեց հնոցի կողքին պառկած շանը, որը,  հաճելի ջերմությունից ընդարմացած, նիրհում էր:  Պատանու հայացքն ընկավ  շան՝ խաչաձև դիրքով  ծալած  ոտքերին, ու  նա մի պահ  արձանացավ. ուղեղում մի միտք  ծագեց. հապճեպ վերցրեց երկաթը, կռեց  մի ունելի, ապա մի զնդան: Երբ մարգարեն մտավ դարբնոց և ձեռքը երկարեց, որ  շիկացած  երկաթը հանի, շանթահար եղավ. ձեռքն  այրվեց: Ապշահար ու շփոթված  նորից փորձեց, դարձյալ նույնը: Տեսնելով վարպետի խուճապահար հայացքը՝ պատանին  անձայն  նրան  մեկնեց իր պատրաստած  ունելին ու զնդանը: Այդ օրվանից Դավիթ մարգարեն հրաժարվեց դարբնությունից ու  երդվեց այլևս արհեստանոց չմտնել։

Այս լեգենդի մասին մինչ օրս չէի լսել,հետաքրքիր էր այն կարդալը։ Պատմում է իբրև թե զնդանի գյուտի մասին։ Գեղեցիկ նախադասությունները շատ էին օգտագործված,դա շատ հավանեցի։

ասք լավաշի մասին

Այնպես է պատահում, որ  հայոց արքա  Արամը, ասորական  թագավորի՝ Նոսորի  հետ պատերազմելիս  գերեվարվում է:   Նոսորը,  որ զվարճանքների  սիրահար էր,  առաջարկում է  տասը օր  քաղցած մնալուց հետո  մրցել  իր հետ  նետաձգության մեջ:  Եթե Արամը հաղթեր,  մեծամեծ ընծաներով  արքայավայել  ճանապարհվելու էր  իր երկիրը:  Հայոց արքան  առանց երկբայելու  ընդունում է առաջարկը՝  պահանջելով բերել իր գոհարազարդ  լանջապանակը:

Հաջորդ օրը՝  ճրագալույցին,  բանբերը,  սևաթույր նժույգներ հեծած, հասնում են հայ-ասորական սահմանը, ուր հայոց  զորաբանակն էր,  և հայտնում արքայի կամքը:  Հայերն իսկույն կռահում են՝ ինչ է ակնարկում և ինչ ակնկալում  իրենց  արքան, ուստի  բանբերները հոժարակամ  հանձնում են  ակնազարդ լանջապանակը՝  մեջը հմտորեն տեղավորելով  նրբաթերթ մի  հաց՝ լավաշ:  Ստանալով զրահը՝  Արամն այն հետ է ուղարկում՝  պատճառաբանելով,  թե  իր ուզածը չէ:  Ինն օր  անընդմեջ  սուրհանդակները գնում են,  գալիս՝ առանց  կռահելու,  որ իրենց  իսկ ձեռքով կերակրում են  հայոց արքային:

Նոսորը, որին  թվում էր,  թե  տասնօրյա  քաղցից  Արամն  արդեն  ուժասպառ  է եղել,  հյուծվել,  կորցրել  սրատեսությունը,  ապշում է,  երբ հայոց  դյուցազունը՝  զվարթերես ու կայտառ,  դիպուկ արձակում է նետերը և հաղթում:

Նոսորը  պահում է  թագավորի՝  բոլորի առջև տված հանդիսավոր իր երդումը  և Արամին  թանկարժեք ընծաներով  ճանապարհում է  Հայաստան:

Իսկ Արամը՝   հայերի  փառապանց  ու հնարամիտ  արքան, հայոց  հողը մտնելուն  պես  հրովարտակ  է արձակում, որ  այդուհետև  Հայաստանում  միայն նրբաթերթ  ու բարակ  լավաշներ  թխեն:

Այս պատմության հետ գրեթե բոլորը ծանոթ են։ Սրա միջոցով փորձում են ապացուցել հայկական լավաշի հզորությունը։ Իհարկե իրականում միայն լավաշով չես կարող էներգիայով լի լինես,բայց միևնույն է շատ եմ սիրում այս պատմությունը։

հյուսնություն

Մի ամռան հայրս ինձ տարավ հյուսնագնացության: Այդպես էր կոչվում շրջիկ հյուսների աշխատանքը: Հավաքվում էին գյուղի մի քանի հմուտ հյուսներ, խումբ կազմում, սայլերը բեռնում տարբեր չափսերի կոճղերով, գերաններով ու գործիքներով և մեկնում անտառազուրկ գյուղերը: Դա գրեթե շրջիկ թատրոնի նման մի բան էր: Հյուսների  խումբը կանգնում էր գյուղի հրապարակում կամ կենտրոնական  փողոցում և տեղնուտեղը պատվիրատուի ընտրած կոճղից ու գերանից պատրաստում խնոցի կամ տաշտ:  Ինձ ապշեցնում էին  հյուսների վարպետությունը, արագաշարժությունն ու հմտությունը: Թվում էր, թե նրանք մրցում էին ինչ-որ մեկի հետ և ձգտում հաղթող դուրս գալ:

Շրջիկ հյուսների շուրջը շատ ժաղովուրդ էր հավաքվում, ասես դա ոչ թե աշխատանքի ցուցադրություն էր, այլ՝  տոնավաճառ-ցուցահանդես: Հայրս ասում էր, որ հյուսնի վարպետությունը հավաստելու ամենամեծ  քննությունը այդպիսի շրջագայությունն է, որը աշխատանքի փառաբանության  ամենահին տոնն է հայոց մեջ: Երեք հազար տարի առաջ՝  նավասարդյան տոնախմբությունների ժամանակ, մեր պապերն այսպիսի մրցության  մեջ էին մտնում և փայտի զարդարանքներ պատրաստում նավասարդավորների համար: Այն ժամանակ հաղթող հյուսնի գլխին ուռենու պսակ էին դնում: Հիմա միայն վարձատրում են. պսակադրության արարողությունը մնացել է որպես հուշ: Առանց այդ հուշի ոչ մի հյուսն չի կարող որևէ բան սարքել:  Մեծ նավասարդը փոքրացել, հյուսնագնացության պես մի բան է դարձել: Բայց հոգ չէ, տղա’ս, մեկ էլ տեսար նորից նավասարդ եղավ: Ժողովրդի հիշողությունն ու սովորությունը աղբյուրի նման են. մեկ վարարում են, մեկ բարակում: Կարևորն այն է, տղա’ս, որ չցամաքի, թե չէ՝ նեղ ու լայն օրվան մենք վաղուց ենք ծանոթ: Հայոց նավասարդյան տոնախմբության այդ հեռավոր հուշն էլ հորս հետ գնաց այս աշխարհից: Շատ տարիներ հետո միայն գլխի ընկա, որ հայրս նավասարդյան տոնախմբությունների վերջին տուտն   էր։

Սա արդեն գրքից վերցրաց փոքրիկ տեքստ է։ եթե գիրքը չես կարդացել,ավելի դյվար կլինի հասկան,թե ինչ է մեզ ուզում ասել հեղինակը,բայց գլխավոր իմաստը հասկանալի էր։ Հեղինակը մեզ ուզում է ասել,որ ոչ մի բանն անվերջ չէ,և կարող է 5000 տարուց դա վերանա։

ամեն ինչը կարևոր է,բայց ամենակարևորն արհեստն է

Մի անգամ  թագավորը  որոշում է  իր կնոջ ու  դստեր հետ  նավով բաց ծով  զբոսանքի ելնել:  Դեռ չէին հասցրել ափից հեռանալ, երբ ուժեղ քամի է փչում և նրանց տանում  հեռու-հեռավոր ափեր՝ անհայտ մի երկիր, որտեղ իրենց թագավորության մասին ոչինչ չէին լսել:   Ափ են իջնում: Թագավորը վախենում է  ասել, թե ով է ինքը, իսկ  նրանց  ձեռքին բոլորովին  փող չի  լինում: Թագավորը  ոչ մի արհեստ  չգիտեր, ուստի  նրան աշխատանքի  են վերցնում  որպես   գեղջուկ  նախրապան:

Այդպես  ապրում են  մի քանի տարի: Ու ահա մի օր այդ  երկրի  թագավորի տղան տեսնում է  հովվի աղջկան: Նա գեղեցիկ էր, ինչպես պարզկա լուսաբացը և արդեն հարսնացու էր դարձել: Արքայազնը հայտարարում է  մորն ու հորը, որ ուրիշ ոչ մեկի հետ չի ամուսնանա, բացի այսինչ  գյուղի նախրապանի  աղջկանից: Մայրը, հայրը և բոլոր պալատականները համոզում են նրան չխայտառակել իրենց. ինչպե՞ս  թե, արքայազնը  վերցնի ու  ամուսնանաս ինչ-որ հովիվի աղջկա հետ: Չէ՞ որ աշխարհում այնքան թագավորազն և  արքայազն դուստրեր կան: Բայց ամեն ինչ անարդյունք էր, արքայազնը իրենն է պնդում. «Ինձ ուրիշ ոչ մեկ  հարկավոր չէ»: Տեսնելով , որ հնարավոր չէ հակառակը համոզել՝ թագավորը  ուղարկում է իր վեզիրին հովվին տեղեկացնելու, որ իր արքայազն որդուն ուզում է ամուսնացնել  նրա աղջկա  հետ:  Վեզիրը գալիս է  և հովիվին ասում այդ մասին, իսկ վերջինս  հարցնում է.

-Իսկ ի՞նչ արհեստ գիտի արքայազնը:

Վեզիրը  սարսափում է.

-Աստված քեզ հետ, բարի մարդ, ի՞նչ արհեստ պետք է իմանա թագավորը, և  ի՞նչի համար է նրան պետք արհեստը: Մարդիկ արհեստ են սովորում, որպեսզի ապրեն, իսկ արքայազնը  և’  հողեր, և’ քաղաքներ  ունի:

-Քանի որ նա  ոչ մի արհեստ չգիտի,  ես  նրան  աղջիկ տվողը  չեմ,-ասում է  հովիվը:

Վեզիրը վերադառնում է  պալատ և փոխանցում  թագավորին հովիվի պատասխանը: Պալատականները  ապշում են: Նրանք մտածում էին, որ հովիվը պետք է շատ երջանիկ լինի ու մեծ  պատիվ համարի, եթե  արքայազնը կնության առնի նրա աղջկան, իսկ նա,  տեսեք,  պահանջում է, որ արքայազնը արհեստ իմանա:

Թագավորը իր մյուս  վեզիրին  է ուղարկում, բայց  հովիվը նրան էլ  նույն պատասխանն է տալիս.

-Մինչև արքայազնը  որևէ արհեստ չսովորի և իր ձեռքի աշխատանքը չբերի,  մեր միջև բարեկամություն չի լինի:

Մյուս վեզիրն էլ  վերադառնում է պալատ  և ասում, որ հովիվը կնության չի տա իր աղջկան, մինչև արքայազնը  որևէ  արհեստ չիմանա:  Ուստի  արքայազնը գնում է  շուկա և սկսում  ընտրություն անել, թե ո՞ր արհեստն է ավելի հեշտ սովորել:  Նա անցնում է  մի խանութից մյուսը , տեսնում՝  ինչպես են աշխատում վարպետները  և գալիս մի խանութ, որտեղ  գործվածք են հյուսում:  Այս արհեստը  նրան ամենահեշտն է  թվում:  Նա սկսում է  սովորել և մի քանի օր  անց գործվածք է հյուսում: Նրա աշխատանքը տանում են  հովիվի մոտ, ասում, որ արքայազնը արհեստ  է սովորել, և ահա նրա արտադրանքը: Հովիվը վերցնում է նրա աշխատանքը,  շուռումուռ տալիս,  նայում  բոլոր կողմերից  և հարցնում.

-Իսկ  ի՞նչ արժե սա:

-Չորս  գրոշ, -ասում են:

-Դե ինչ, լավ  է, այսօր  չորս  գրոշ,  վաղը՝  չորս  գրոշ,  դա  քեզ ութ   գրոշ, մյուս օրը՝ տասներկու:  Եթե ես այս արհեստն իմանայի,  նախրապան չէի լինի:

Ապա  պատմում է  թագավորը,  թե ով է ինքը և ինչպես է այդտեղ հայտնվել: Բոլորը ուրախանում են, որ կնության են առնում ոչ թե  հովիվի աղջկան, այլ  թագավորի դստերը: Պսակում են   երիտասարդներին և ուրախ հարսանիք անում: Հետո թագավորին նավեր ու մարդիկ են տալիս,  և նա վերադառնում է  իր երկիրը:

Հեքիաթը կարճ է,բայց միևնույն է դրա մեջ լիքն իմաստ կա։ Հետաքրքիր էր կարդալ,կյանքի 5 րոպեն ծախսել արս հեքիաթի վրա։ Սովորեցնում է,որ ինչքան էլ հարուստ լինես,պետք է գիտելիքներ ունենաս,քանի որ երբեք չես իմանա,որտեղ դրանք քեզ պետք կգան։