կենսաբանություն

Կենսաբանությունը որպես գիտություն, կենդանի համակարգերԵրկրագնդի անբաժան մասերից է կյանքը: Կյանքը` որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով` բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն: Այդ հատկանիշները մարմնավորվում են և դրսևորվում` արդյունքում սկզբնավորելով կենդանի օրգանիզմները: Կենդանի օրգանիզմները` բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ: Կյանքը բազմաբնույթ է և բարդ կազմավորված, իսկ կենդանի օրգանիզմները` միլիոնավոր և բազմազան: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է գիտության հատուկ ճյուղ, որը կուսումնասիրի կյանքը` իր բոլոր դրսևորումներով:Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:

Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից: Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափակ: 19-րդ դարում կենսաբանությունը վերջնականորեն ամբողջանում է որպես բնական գիտաճյուղ և իր տեսադաշտում ընգրկում է կյանքի կազմավորման առանձնահատկությունները՝ միաբջիջ օրգանիզմներից մինչև մարդ: Կենսաբանության զարգացումը հարստացրեց գիտելիքները մարդու, նրա կառուցվածքի և առողջության մասին: Այդ իսկ պատճառով կենսաբանության զարգացմանը միշտ հաջորդել է բժշկության վերելքը և մարդու առողջության պահպանման և հիվանդությունների հաղթահարման միջոցների կատարելագործումը: Անկենդան տարրերը և կենդանի օրգանիզմները միմյանց հետ փոխկապակցված են և երկրագնդի մակերևույթին կազմում են կենդանի թաղանթ, որը կոչվում է կենսոլորտ: Կենդանի օրգանիզմներին գոյության համար անհրաժեշտ է արեգակնային էներգիա, թթվածին, ջուր, ածխաթթու գազ, հանքային տարրեր և այլն: Այդ պայմաններն առկա են երկրագնդի երեք կառուցվածքային շերտերում. մթնոլորտում, քարոլորտում և ջրոլորտում և հատկապես դրանց շփման սահմանագծում:

Կյանքն ունի կազմավորվածության մակարդակներ:Կենսական հատկանիշները, մարմնավորվելով անկենդան նյութի մեջ, պայմանավորել են նրա ուղղորդված, կազմակերպված և անընդհատ զարգացումը պարզից դեպի ավելի բարդ համակարգեր:Կենդանի օրգանիզմների կազմավորման մակարդակներն են` 1. մոլեկուլային → 2. բջջային → 3. հյուսվածքային → 4. օրգանային → 5. օրգանիզմային → 6. տեսակային → 7. պոպուլյացիոն → 8. կենսացենոզային → 9. կենսոլորտային

1. Կյանքի կազմավորման մոլեկուլային մակարդակ (նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր): Երկրագնդի վրա որոշակի պահից սկսած մի շարք անկենդան մոլեկուլներ ձեռք բերեցին ինքնաբերաբար վերարտադրվելու հատկություն: Դրանց վերարտադրությունը կատարվում էր արտաքին միջավայրի հետ տարբեր ատոմների փոխանակությամբ: Այսպիսով կյանքը ձևավորվեց որպես բազմացող և նյութափոխանակություն կատարող բաց համակարգ: 2. Կյանքի կազմավորման բջջային մակարդակ (կորիզավորներ, նախակորիզավորներ, թարթիչավորներ, մտրակավորներ): Ինքնավերարտադրությունը կատարյալ և համակարգված դարձավ բջջի կազմավորմամբ: Բջիջը հանդիսանում է քիմիական խոշոր մոլեկուլների հատուկ կազմավորված ամբողջություն, որին բնորոշ են կենսական բոլոր հատկանիշները: 3. Կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակ (նյարդային, մկանային, գոյացնող, փոխադրող): Ինչպես արդեն գիտենք, կենսական հիմնական հատկանիշները հանդիսանում են բջջի, օրգանի կամ օրգանիզմի գործառույթներ: Որոշ գործառույթների (սննդառություն, շնչառություն, արտազատություն) լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կազմության բարդացում և մասնագիտացում: Արդյունքում առանձնացված կյանք վարող բջիջները խմբավորվում են գաղութների մեջ, ապա ձևավորում հյուսվածքներ: Կենդանիների օրգանիզմներում հանդիպում է չորս հիմնական հյուսվածք` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

4. Կյանքի կազմավորման օրգանային մակարդակ (տերև, արմատ, սիրտ, երիկամ): Կենդանի նյութի հատկանիշների հետագա դրսևորումը ընթացել է կառուցվածքի բարդացման և բջիջների ու հյուսվածքների միջև աշխատանքի բաժանման ճանապարհով: Որոշակի նպատակի ծառայող հյուսվածքների ամբողջությունից ձևավորվել են օրգաններ: Օրգաններն ունեն հստակ կառուցվածք և տեղաբաշխում` պայմանավորված իրենց կատարած աշխատանքի բնույթով: Սրտի կառուցվածքը ամբողջովին համապատասխանում է պոմպի աշխատանք կատարելուն, ոսկրերը իրենց կառուցվածքով հիասքանչ լծակներ են, նյարդերը կատարյալ հաղորդիչներ և այլն:  5. Կյանքի կազմավորման օրգանիզմային մակարդակ: Մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանի կենդանիներից շունը կամ կատուն, անապատի ուղտը, սավանաների զեբրը, անտառային գայլը և այլն, ներկայանում է որպես առանձին կենսագործող օրգանիզմ: Բնության մեջ ինքնուրույն և ամբողջական կենսագործող օրգանիզմը կոչվում է առանձնյակ: Օրգանիզմը կենդանի նյութի կազմավորման ամենաբարձր անհատական մակարդակն է: Օրգանիզմը ի վիճակի է լիարժեքորեն կենսագործել շրջակա բնության փոփոխվող պայմաններում և փոխազդել այլ օրգանիզմների հետ:

. Կյանքի կազմավորման տեսակային մակարդակ (մարդ բանական, ճարպիկ մողես, հողաթափիկ ինֆուզորիա, աղեխորշավոր հիդրա): Բազմազան կենդանիներից յուրաքանչյուրը ներկայացնում է որոշակի տեսակ` եղևնի, մեղու, սալորենի, չղջիկ և այլն: Տեսակը ոչ թե եզակի կենդանի ամբողջություն է, այլ այն հատկանիշների հատկությունների և կյանքի կազմավորման տվյալ մակարդակին բնորոշ առանձնահատկությունների ամբողջությունը: Հատկանիշների այդ ամբոջությունը փոխանցվում է սերնդեսերունդ և ձևավորում որոշակի օրգանիզմ: Այդ պատճառով խնձորենու սերմից աճում է միայն խնձորենի, ծիրանենուց` ծիրանենի, առյուծը միայն առյուծ է ծնում, բորենին` բորենի: Կառուցվածքով և կենսակերպով նման առանձնյակները, որոնք ունեն բնակության տարածք և ընդունակ են սերնդագործել, ձևավորում են տեսակ: